ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մի՞թե բարձր աշխատավարձը, պարգևավճարը կամ ուսադիրներն են դրդում կորցնելու մարդկային դեմքն ու նկարագիրը

Մի՞թե բարձր աշխատավարձը, պարգևավճարը կամ ուսադիրներն  են դրդում կորցնելու մարդկային դեմքն ու նկարագիրը
26.07.2025 | 12:36

Տարիներ շարունակ, հատկապես, վերջին շրջանում, ինձ մտահոգում է մի հարց, որի պատասխանը չեմ գտնում: Խոսքը մարդու վերակերպավորումների մասին է, ի մասնավորի, ոստիկանական տարբեր ծառություններ իրականացնող անձանց, որոնց պատճառով մարդ հասկացությունը տարանջատվում է մասնագիտությունից:

Հին խոսք է` մարդ ես, թե միլիցա:

Ցավոք, Միտք-բանականություն և Հոգի-խիղճ ու զգացմունք երևույթները ոչ միայն չեն համատեղվում, այլև հայտնվել են միմյանց ժխտող հակադիր բևեռներում:

Եվ դա, գրեթե համատարած, չնչին բացառություններով:

90-ականների սկզբին, երբ մեր ոստիկանները զինաթափվեցին, և Հայաստանում տնօրինում էին խորհրդային զորքերը, հայ ոստիկանները պատրաստ էին մոլոտովյան շշերով անգամ անձնուրացաբար պաշտպանելու իրենց հայրենակիցներին, և ժողովուրդն ապավինում, սիրում ու վստահում էր նրանց:

Հակառակ պատկերին ենք ականատես լինում մեր օրերում, երբ ժողովուրդը ոչ միայն չի վստահում իր պաշտպանությանը կոչված ոստիկանին, այլև խուսափում է նրա հետ շփումից, ավելին, ատում է նրա համազգեստն ու դրա տակ, նաև դիմակի հետևում պահ մտած աննախադեպ կացնային վտանգից` անհիմն պատժամիջոց-պատժաչափերից, անտրամաբանական տուգանքներից մինչև ոստիկանի իբր օրինական, բայց կամայական պահանջին չենթարկվելու կամ դիմադրություն ցուցաբերելու ահաբեկում, մինչև մեր ու մանկան, ահել-ջահելի գազանաբարո ծեծ ու ջարդ, ուժային հատուկ միջոցների և ֆիզիկական հնարքների կիրառում, երբեմն նաև մեկ կամ երկու հոգու՝ խմբով, բառիս բուն իմաստով, արյունալի հաշվեհարդար: Ակամայից հիշում ես հանճարեղ Ջիվանու «ձոնը» ոստիկաններին, գրված դեռ 1907 թվականին.

«Ո՞Ւր գնամ, որ չտեսնեմ ես անգութ ոստիկանի երես, անխղճմտանք և պռտկերես, լկտի ոստիկանի երես»։ Մի՞թե դրական տեղաշարժեր խոստացող բարենորոգությունները ոստիկանական ոլորտում չեն ենթադրում ոստիկանի կեցվածքի, բարեվարքության, վարքագծի, դաստիարակության, քաղաքակիրթ և մարդկային լինելու բաղադրիչներ, թե՞ սահմանափակվում են ժամանակակից թանկարժեք սարք-սարքավորումների, փոխադրամիջոցների, գեղեցիկ արտաքին փաթեթավորումների և բնակչությանը դիվահարող ձայնալուսային աղմուկ-աղաղակի շրջանակներում, և բավարարվում հրաման կատարելու անվան տակ ու պատրվակով ցանկացած անպատժելի արարք գործելու ամենաթողությամբ: Մինչդեռ ժողովուրդն ակնկալում է պաշտպանություն հենց ա՛յդ որակները կրող անձանցից՝ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ժողովրդի:

Մի՞թե բարձր աշխատավարձը, պարգևավճարը կամ ուսադիրներին աստղերի ավելացումն ու պաշտոնի բարձրացումն են դրդում կորցնելու մարդկային դեմքն ու նկարագիրը, և հաճոյանալու նվաստացուցիչ արարքներով սեփական ժողովրդի հանդեպ դրսևորելու ճղճիմ ու անմարդկային գործողություններ:

Իսկ միգուցե շատերի համար անձնական շահն ավելի՞ն է, քան պատիվն ու հարգանքը, արժանապատիվ կեցվածքը, բարոյական գրված և չգրված օրենքները: Մի՞թե փողը մութ տեղում լույս տալու փոխարեն, լույս տեղը մթնեցնելու միջոց է դարձել` ի հաշիվ որոշ արկածախնդիրների և որոշ հանձնակատարներ փափագում են մարել մթան մեջ նույնիսկ լույսի թույլ առկայծումները: Այդպիսիք չեն կարող չեզոքացնել ժողովրդի արհամարհանքն ու նողկանքը, նաև անեծքը ո՛չ իրենց մորթապաշտությամբ և անինքնասիրությամբ գրաված աթոռների բազմելով, ո՛չ անձնական ֆինանսատնտեսական բարելավումներով:

Ժողովուրդն ի դեմս ոստիկանի ցանկանում է տեսնել ոչ թե գույնզգույն գլխարկներ կրող պատժիչ ջոկատներ, այլ իրեն անվերապահորեն պաշտպանող ուժայինների:

Նրանք, նաև նրանց սերտորեն կապված հարազատները, դադարելու են համարվել հասարակության լիիրավ անդամներ:

Մի՞թե կարծում եք, որ հնարավոր է շրջանցել այնպիսի պարզ ճշմարտություն, թե կան բաներ, որոնք այնքան թանկ ու անգին են, որ հնարավոր չէ գումարով ձեռք բերել` հարգանք, պատիվ, արժանապատվություն, ի վերջո, Աստված, Հայրենիք և Սեր:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ